Մարտունու սկաուտները տոնում են հայ սկաուտի օրը
<<Ես սկաուտ եմ,ես հպարտ եմ>>...Ահա այս խորագիրն էր կրում Մարտունու միավորի անցկացրած միջոցառումը, որին հրավիրված էին մասնակցելու նաև Գավառի մանկատան սաները: Օրը մեկնարկեց վաղ առավոտից: Սկաուտները նախ այցելեցին Վանեվան վանական համալիր: Հանդիպում ունեցան տեղի հոգևոր հոր հետ, ով սկաուտներին պատմեց վանական համալիրի կառուցման և գոյության ողջ պարմության, այնուհետ զրույց ունեցավ հաջորդող օրվա` Սբ. Հարության տոնի խորհրդի մասին: Հանդիպմանը հաջորդեց Մարտունու միավորի քույր-եղբայրների խոստման արարողությունը: Միավորի 13 անդամներն ևս մեկ քայլ կատարեցին դեպի սկաուտություն:
Էլ ինչ սկաուտ առանց հասարակական հանրօգուտ աշխատանքի...Ներկաներն այս անգամ իրենց առաջ խնդիր էին դրել վանական համալիրի տարածքի մաքրումը: Կարճ ժամանակում հնարավոր եղավ տարածքը զգալիորեն մաքրել աղբից: Այնուհետ շարունակելով ճանապարհը՝ սկաուտները հանգրվանեցին Իշխանավանքում,եղան տեղի քարանձավում: Ներկա գայլիկներն ու արծվիկներն իրենց ողջույնի խոսքն ուղղեցին ավագ քույր-եղբայրներին, որին էլ հաջորդեց Զատկի օրվան նվիրված միջոցառումը: Հագեցած օրվա ավարտին յուրաքանչյուրն անձայն բղավում էր <<Ես սկաուտ եմ,ես հպարտ եմ>>: